Keynote Speaker Dr. Alina Dorian’s Speech

Բարձրաշնորհ Տէր Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեան,

Հոգեւոր Հայրեր, Արժանապատիւ Քահանայ Հայրեր, Ազգային Վարչութեան, կազմակերպութիւնների եւ միութիւնների պատուարժան ներկայացուցիչներ,

Յարգելի հիւրեր եւ Փափկասուն Հայ Մայրեր,

Տարիներ է որ դասախօսութիւններ եմ ներկայացնում տարբեր երկրներում, տարբեր նիւթերի շուրջ. ելոյթներ եմ ունենում հայ կամ օտար հասարակութիւնների առաջ եւ խօսում՝ կրթական, հասարակական եւ մարդասիրական թեմաներով:

Այսօր, որ խօսելու եմ Հայ մօր մասին, մի պահ խորհրդածութիւններիս մէջ, հաճոյքով տանջուեցի՝ անգամ մը եւս ընկալելու մօր աշխարհը… Սակայն դարձեալ շուարած մնացի: Ինծի շնորհուած մայրական փորձառութենէ՞ս բաժին հանել, թէ՞ մօրս, թէ՞ մեծ մօրս եւ կամ անգամ իմ մեծ մայրիկի մօրը յիշելով:

Միանգամից գտայ, թէ Արարիչի հրաշագործութիւնների գլուխ գործոցից՝  ծնուելու, ծնելու հրաշքից, մայրանալու գաղափարից… բարձրաձայն ապրելու եւ ապրեցնելու գաղափարից սկսել:

Իւրաքանչիւրս ունենք արարչագործութեան ամենաթանկ պարգեւը ծնուած իսկ պահից, երբ բնութիւնը պարգեւում է Մայրը. Մայրը՝ որ մի ամբողջական աշխարհ է նուիրումի եւ անհատնում սիրոյ:

Նա, ով Մայր ունի՝ ամէն վայրկեան բարձրաձայն թէ սրտի խորքում աղօթում է որ նա միշտ իր ջերմ շոյանքով, Արարատ ու Արագած լինելով մեզ համար, լոյս ու փարոս լինելով մեր կեանքում, մնայ մեզ հետ երկար, եւ Աստուած նրան պարգեւի երկար կեանք: Իսկ ով նա կորցրել է իր մօրը, ամէն վայրկեան բարձրաձայն թէ սրտի խորքում աղօթում է, որ գէթ մէկ անգամ տեսնի իր մօր եւ ասի՝  Մայր, շնորհակալ եմ պարգեւած կեանքիդ համար…նՏես ես ապրում եմ, ես կամ քո՜ շնորհիւ։ Ես քո շարունակութիւնն եմ…:

Մայրութիւնը Աստուծոյ օրհնութիւնն է, իսկ զաւակը կը դառնայ մօրը օրհնանքը մինչ յետ մահու …:

Սիրելինե՛ր, մարդկութիւնն ինչ եղել է, ինչ կայ եւ ինչ լինելու է, այն է ինչ Մայրն է ծնել ու սնել: Ինչ որ ենք, դարձել ենք մօր սնուցման շնորհիւ:

Նա մեր էութեան սաղմն է… Առանց մօր չի լինի սերունդ, չի լինի կեանք, չի լինի Հայրենիք, չի լինի ապագայ :

Մայրը յենարան չէ՜… այլ, յենարան վերացնող է:

Մայրը վերացնում է զաւակի յենարանները, որ նա կարողանայ իր ոտքի վրայ ամուր կանգնել: Ասում են, երբ Աստուած կեանք է տալիս նորածնին, նրա կողքին պահապան է կարգում Մայր հրեշտակին, որ իր զաւակին խնամի, մեծացնի, դաստիարակի, թռչել սովորեցնի ու առաջնորդի դէպի կեանք:

Միայն Մայրն է, որ փորձում է ձեռքերը տարածել զաւակների վրայ, նրանց ապրել սովորեցնել, բայց չհարկադրել ներշնչել քաջութիւն, բայց չպարտադրել տալ ձիրք երգելու, չընկճուելու, պայքարելու եւ յաղթելու:

Մայրը յենարան չէ… այլ յենարան վերացնող է:

Այստեղ առիթ է մի գողտրիկ դրուագ պատմեմ մօր անսակարկ սիրոյ մասին:

Համալսարանում, ուր ես դասաւանդում եմ, բաժանմունքի ղեկավարս, բազմազբաղ մասնագէտ եւ ընտանիքի պատասխանատու մայր, հազիւ ժամանակ է գտնում այցելելու իր հիւանդ մօր, որուն հանդէպ ունի գիտակից ու պատասխանատու զաւկի հոգին:

Իւրաքանչիւր օր կ՚այցելէ՝ մանկական իր տարիներէն մնացած պարտքը փոխարինելու իր հիւանդ մօր, այնպէս՝ ինչպէս նա իր երիտասարդութեան կ՚երգէր ու կը կարդար իր զաւկին օրօրը… Այսօր հերթը իրն էր ընթերցելու եւ հանգիստ քուն տալու իր սիրելի հիւանդ մօր: Զաւակը կարդում, բայց մայրը գթառատ հայեացքով, աչքերը բաց, անդադար զաւակին է նայում ու չի քնում: Աղջիկը դա նկատելով խնդրում է իր մօրը,  որ նա աչքերը փակի եւ հանգստանայ. սակայն մայրն իր սիրառատ հայեացքով, ժպիտն աչքերին, որդուն է նայում… կարօտով է նայում… հիացած է նայում …

Մայրը կը մնայ մի՛շտ Մայր, մինչեւ իր վերջին շունչն իսկ՝ Behold the one Beholding you and smiling .

Այժմ, չփորձելով նսեմացնել աշխարհի մայրերի արժէքը, այսօր ապրելու ենք Հայ Մօր առաքինութիւնը: Հայ մայրն է, որ օրօրոցից սկսած, Հայ երգով ու ու խօսքով զաւակ է սնուցում. Հայ մայրն է, ով աղօթքով ու հպարտութեամբ իր որդուն ռազմի դաշտ է ճանապարհում, հաւատալով նրա յաղթանակին:

Հայ մայրը երկո՛ւ անգամ մայր է, իր սրտահատորին՝ նուիրուած իր զաւկին հայապահպանման առաքելութեանը տարուած:

Հայ մայրն է մեր երկրի ուժը: Նա է կրթում ու կերտում վաղուայ սերունդը, մեր ապագան: Հերոսներ են ծնուել ու դաստիարակել Հայ մայրեր:

Մենք խոնարհւում ենք ձեր առջեւ, Հա՜յ մայրեր:

Ինչեր ասես, որ չեն տեսել Հայ մայրերը. կոտորած, ոճիր, պատերազմ, աքսոր, սով. բայց չեն ընկրկել, մի պահ կանգնել են, լռել, նայել երկնքին, աղօթք բարձրացրել ու առաջ ընթացել:

Աքսորի ճանապարհին, երբ քաղցը, համաճարակը վիրաւորանքն ու անարգանքը խոցում էին ամէն կողմից, Հայ մայրը աւազի վրայ հայոց Այբ ու Բենն էր սովորեցնում իր զաւակներին:

Հայոց Այբ ու Բենն էր գծագրում անապատի անսահմանութեան մէջ, որովհետեւ նա գիտակցում էր, որ լեզուն է ազգի հիմքն ու գոյութեան արժէքը. եւ մայրն ու Հայ լեզուն դառնում են մի ամբողջութիւն մեզ համար:

Երեւի այդ է պատճառը, որ մեր լեզուն կոչւում է Մայրենի՛ Լեզու…:

Մի առիթով, Գարեգին Նժդեհ ասել է.- Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու, Հա՛յ երիտասարդ։ Դու պիտի ունենաս մեծ ու վճռական զինակիցը՝ Հայ Մայրը:

Պէտք չէ պատմութեան էջերում փնտռել Հայ մօր զոհաբերութիւնների ու նուիրումների օրինակները: Բաւարար է յիշել մեր արցախեան անարդարութիւնները, որոնք ստորաբար մեզի բաժին հանեցին, ո՛չ միայն մեր ազգի համար, այլ յատկապէս Հայ մօր համար:

Բազում Հայ մայրեր կորցրին իրենց շատ երիտասարդ, փայփայած, պահած ու մեծացրած որդիներին:

Ամէն մէկը կորցրեց իր կեանքի արեւին, յանուն ազգի փրկութեան եւ յարատեւման համար:

Ղարաբաղ ապրած ժամանակս, այցելեցի զոհուած մարտիկների թանգարանը, երբ նոր էին ձեւավորում. հանդիպեցի մի մամիկի, որ մեծ հոգածութեամբ եւ սիրով դասաւորում էր խորհրդաւոր նկարները՝ Ղարաբաղեան հերոսներին…:

Իմանալէ ետք, թէ ինքն էլ զոհուած մարտիկի մայր էր, հարցրեցի.- Մամիկ ճան, այս պատկերներից ո՞րն է ձեր որդին. Մամիկը հպարտ յուզումով ձեռքս պինդ բռնեց եւ միւս ձեռքով մատնանշեց պարզուած պատկերները.- Մէկ, երկու, երեք, չորս…:  «Օհ, ուրեմն Չորրո՞րդն է ձեր որդին», ասեցի։ Պատասխանեց.- Չորսն էլ իմ Նահատակ որդիներն են, բալիկ ճա՜ն…: Վստահ եմ, որ իր սրտի կսկիծի խորքից իսկական Հայ մօր հպարտութիւնը ապրեց այդ րոպէին:

Սիրելինե՛ր, անհնար կը լիներ եւ անարդար, եթէ իմ այսօրուան ասածները եւ ինձանից առաջ ասուածները կարողանային լիակատար կերպով ներկայացնէին ՄՕՐ ամբողջութիւնն ու ճշմարիտ էութիւնը: Անարդար է մի քանի պարբերութեամբ ներկայացնել Մօր ամբողջական ուժը, որ եղել է յոյսերի եւ յոյզերի մի ամբողջական տիեզերք:

Երբ անհատը մայրանում է, էութեամբ փոխւում է ու վերածւում է մոմի. Մի փոքրիկ, սակայն անմար մոմի, որ հալելով լոյս, շունչ, երազ ու յոյս է տալիս իր զաւակներին ու իր ազգին, որովհետեւ Հայ մօր համար զաւակը իր էութենէն իսկ վեր՝ ՍԷՐ է…:

Խոնարհւո՜ւմ ենք ձեր անսահման նուիրումին առաջ, Հայ մայրեր. թող որ ձեր մայրական օրհնութիւնը պատնէշ դառնայ մեր փրկութեան:

Ի վերջոյ՝ խունկ եւ աղօթք՝ աննման մայրերու յաւե՜րժ յիշատակին…:

29 Հոկտեմբեր 2013

Latest News

Weekly TV Show

October 23, 2022 October 16, 2022